Ցանկացած գործում հաջողության հասնելու համար առաջնահերթը նախաձեռնող լինելն է՝ տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելն ու ինքնուրույն որոշում կայացնելը։

Հունիսի 7-ին՝ կեսօրին, Զանգերի կենտրոն ստացվեց հերթական հեռախոսազանգը՝ վարորդը Մալաթիա-Սեբաստիա համայնքում ավտովթարի մասնակից է դարձել՝ մեկ այլ ավտոմեքենա հարվածել է մեր հաճախորդի ավտոմեքենայի հետնամասին։ Զանգերի կենտրոն ստացվող ամեն մի զանգին պատասխանող օպերատորը շունչը պահած է լսում վթարի մանրամասները, մինչև պարզում է, որ, բարեբախտաբար, այս կամ այն վթարում տուժածներ կամ, Աստված մի արասցե, զոհեր չկան։

Բարեբախտաբար, հերթական այս վթարը ևս մեծ չէր։ Վթարը գրանցող Հասմիկը մանրամասները ճշտելիս զգում է, որ վարորդը հարցերին պատասխանում է, կարծեք թե ոչ այնքան կապակցված, ձայնի երանգն էլ աստիճանաբար փոխվում է։

«Ձեզ լա՞վ չեք զգում»,- հարցնում է Հասմիկը։

«Չգիտեմ, գլուխս հարվածել եմ ղեկին»,- պատասխանում է վարորդը։

Հասմիկն իր անմիջական պարտականություններից չշեղվելով միաժամանակ ժեստերով «ազդանշան է տալիս» գործընկերուհուն՝ Աննային․

«Հաճախորդը լավ չէ, շտապօգնություն կանչիր»։

Աննան անմիջապես զանգահարում է 1-03 և տեղեկացնում պատահարի մասին։ Այսպիսով, Հասմիկն ու Աննան, արագորեն կողմնորոշվելով իրավիճակում և ճիշտ համագործակցելով, միաժամանակ և լիարժեք գրանցում են վթարը, և կարգավորում առաջին բուժօգնության հարցը։

Դեպքի վայր ժամանած բժիշկները վարորդին տեղափոխում են հիվանդանոց՝ մանրամասն զննության համար։ Բարեբախտաբար, վարորդի մոտ ոչ մի լուրջ վնասվածք չի հայտնաբերվում։

Հասմիկն ու Աննան հերոսություն չեն արել, ընդամենը իրենց աշխատանքը կատարել են բարձր պրոֆեսիոնալությամբ և միաժամանակ գործել մարդկային։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ կարող եք ապահով լինել․ մենք այստեղ ենք, որ օգնենք Ձեզ։