Ինչու՞ է անհրաժեշտ ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելուց առաջ ուշադիր կարդալ այն, ո՞ր կետերին հատկապես ուշադրություն դարձնել հետագայում խնդիրների առաջ չհայտնվելու համար․ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ մասնագետները ներկայացնում են կարևոր խորհուրդների վարորդների և ավտոմեքենաների սեփականատերերի համար։

Մենք՝ հայերս, թղթաբանություն առանձնապես չենք սիրում, հաճախ տարբեր պայմանագրեր ստորագրում ենք առանց կարդալու, հետո էլ տանը մի անկյունում նետում ու մոռանում դրա մասին։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ մասնագետները ներկայացնում են, թե ինչի համար է անհրաժեշտ ուշադիր կարդալ ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելուց առաջ և հատկապես որ կետերին է պետք ուշադրություն դարձնել։

Նախ ի՞նչ է պետք պայմանագիրը կնքելու համար՝ ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը, մեքենայի տեխնիկական անձնագիրը։

Պայմանագիրը կնքելիս կարևոր է, որ հաճախորդը հետևողական լինի անձնական այն տվյալների նկատմամբ, որոնք լրացվում են պայմանագրում։

  • Հետադարձ կապի միջոցներ

Խոսքը վերաբերում է հեռախոսահամարին և էլեկտրոնային հասցեին․ ապահովագրական ընկերությունը պաշտոնական ծանուցումները հաճախորդին ուղարկում է այն էլեկտրոնային հասցեին, որը նշված է պայմանագրում, այսինքն՝ այն պետք է լրացվի ճիշտ և լինի գործող էլեկտրոնային հասցե։ Անպայման ստուգեք, թե ինչ էլեկտրոնային հասցե է լրացված պայմանագրում, հակառակ դեպքում հետադարձ կապի հնարավորությունն ընդհատվում է, և հնարավոր է, դուք չստանաք շատ կարևոր տեղեկատվություն կամ պաշտոնական ծանուցում։

Ի՞նչ անել, եթե չունեք էլեկտրոնային հասցե։ Ըստ օրենքի, պայմանագիր կնքելու համար էլեկտրոնային հասցե ունենալը պարտադիր է։ Պետք չէ նշել հորինված, գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի պատկանող էլեկտրոնային հասցե, որովհետև, հնարավոր է, Դուք շատ կարևոր ծանուցում բաց թողնեք։ Եթե էլեկտրոնային հասցե չունեք, ապա ապահովագրական ընկերությունը Ձեր, այսինքն՝ ապահովադրի սոցիալական քարտի տվյալների հիման վրա բացում է էլեկտրոնային հասցե ins.am կայքում։ Մուտք գործելու համար login դաշտում անհրաժեշտ է պարզապես մուտքագրել սեփանակատիրոջ սոցիալական քարտի համարանիշը և @ins.am, իսկ password դաշտում՝ միայն համարանիշը։

Էլեկտրոնային հասցեից բացի ուշադրություն դարձրեք նաև հեռախոսահամարին,  որովհետև երբեմն անհրաժեշտ է լինում տարբեր հարցեր ճշգրտել, տեղեկացնել պայմանագրի ժամկետի ավարտի մասին կամ այլ ընթացիկ հարցեր ներկայացնել։

  • Պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետը

Հաջորդ կարևոր կետը, որին պետք է ուշադրություն դարձնեք, պայմանագրի ուժի մեջ մտնելու ժամկետն է, խոսքը վերաբերում է նաև ժամին։ Հնարավոր է՝ պայմանագիրը կնքվի տվյալ պահին, բայց ուժի մեջ մտնի, օրինակ, հաջորդ օրը և այլն։ Ուշադիր կարդացեք այդ կետը ստորագրելուց առաջ, որովհետև Ձեր ստորագրությունը նշանակում է, որ Դուք համաձայն եք նշված ժամկետի հետ։ Նույն կերպ ուշադիր եղեք նաև պայմանագրի գործողության ժամկետի հարցում։

  • Մեքենայի շահագործման նպատակը

Շատ կարևոր է նաև պայմանագիրը կնքելիս նաև ճիշտ նշել մեքենայի շահագործման նպատակը՝ հետագայում հետպահանջից (սուբրոգացիայից) խուսափելու համար։ Եթե պայմանագիրը կնքելու պահին ավտոմեքենան շահագործվում է անձնական նպատակով, որոշ ժամանակ անց սկսում եք շահագործել որպես տաքսի, անհրաժեշտ է մոտենալ գրասենյակ՝ շահագործման նպատակի փոփոխությունն իրականացնելու համար։

Եվ վերջապես, պայմանագիրը վերից վար ուշադիր ընթերցելը Ձեզանից կխլի առավելագույնը 10 րոպե։ Մի ափսոսեք այդ ժամանակը, եղեք տեղեկացված և ապահով։