Որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի, կարևոր է տարվա մեջ գոնե մեկ անգամ հանգստանալը՝ միտքն ու մարմինը թարմացնելը, դրական էներգիայով վերալիցքավորվելը։ Ամռան ամիսներին հանգստանալու ցանկությունը միքանիսապատկվում է։ Հատկապես ցանկալի է դառնում ծովային հանգիստը։ Որտե՞ղ են սիրում հանգստանալ հայերը։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ներկայացնում է հայաստանցի զբոսաշրջիկների նախընտրած թոփ 3 ուղղությունները։

Վրաստան

Մեր հարևան երկիրը շարունակում է առաջատարի դիրքում մնալ, մեր երկրից ամենամեծ թվով զբոսաշրջիկներ որպես ամառային հանգստավայր ընտրում են Վրաստանը։ Նախորդ տարվա տվյալներով՝ մի քանի տասնյակ հազար հայեր հանգստի նպատակով մեկնել են հարևան երկիր։ Այս ընտրության համար մի քանի պատճառ կա։ Առաջին կողմնորոշիչն արժեքն է․ Վրաստանը շարունակում է մնալ զբոսաշրջային մատչելի ուղղություն։ Անշուշտ, այստեղ կարելի է նաև թանկ և շքեղ հանգիստ անցկացնել, բայց բյուջետային հանգիստը նախընտրողների համար ևս մեծ ընտրություն կա։ Պակաս կարևոր հանգամանք չէ նաև այն, որ հարևան երկիր կարելի է մեկնել մեքենայով կամ գնացքով․ այս դեպքում ևս գումարի բավականին նկատելի խնայողություն է լինում, ճանապարհածախսը մի քանի անգամ ավելի փոքր գումար է կազմում, քան, օրինակ օդանավով ճամփորդելու դեպքում։ Հաջորդ կարևոր հանգամանքը վիզայի բացակայությունն է, այսինքն՝ առանց թղթաբանության և լրացուցիչ վճարումների պարզապես ստուգում եք անձնագրում ելքի կնիքի վավերականության ժամկետն ու ճանապարհ ընկնում։

Եգիպտոս

Արդեն երրորդ տարին է՝ Եգիպտոսը դարձել է հայերի նախընտրած թոփ ուղղություններից, ընդ որում, եթե Վրաստան մեկնում են գերազանցապես ամառային ամիսներին, ապա Եգիպտոս՝ ամբողջ տարվա ընթացքում։ Հայերի շրջանում եգիպտական ամենասիրելի հանգստավայրերն են Շարմ Էլ Շեյխը և Հուրգադան․ վերջինս առավել հարմար է հենց ամառային  հանգստի համար, իսկ Շարմ Էլ Շեյխը տարվա բոլոր ամիսներին չի կորցնում իր գրավչությունը։ Ամռան ամիսներին Երևանից դեպի Եգիպտոսի արևոտ հանգստավայրեր չվերթներ կան շաբաթվա բոլոր օրերին։ Այս հանգամանքը ևս նպաստել է Երևանից Եգիպտոս զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը, որովհետև նախկինում հայաստանցիները ստիպված էին Եգիպտոս մեկնել հարևան Վրաստանից։ Բացի այդ, Եգիպտոսը նաև բավականին մատչելի ուղղություն է համարվում։ Եթե ՀՀ քաղաքացիները պատրաստվում են Շարմ Էլ Շեյխում մնալ մինչև 14 օր, ապա նրանց վիզա անհրաժեշտ չէ, իսկ Հուրգադայի դեպքում վիզան տրվում է տեղում՝ առանց քաշքշուկի և թղթաբանության։

Հունաստան

Հունաստանն ու հունական կղզիներն արդեն մի քանի տարի է՝ հմայում են հայ զբոսաշրջիկներին՝ Աթենք, Սալոնիկ, Հռոդոս, Կրետե, Հալկիդիկի․․․ Եթե Աթենք ուղիղ թռիչքով կարելի է մեկնել ամբողջ տարվա ընթացքում, ապա հունական կղզիներ՝ միայն ամռանը։ Ամռան ամիսներին Երևանից գործարկվում են ուղիղ չարտերային թռիչքներ դեպի նշված հանգստավայրեր, ինչն ավելի հարմարավետ է դարձնում ուղևորությունը։ Հունաստանը նախընտրելի տարբերակ է հատկապես նրանց համար, ովքեր սիրում են ծովափնյա հանգիստը համատեղել պատմաճարտարապետական տուրիզմի հետ։ Հունաստանի, հունական կղզիների կողքին նաև շատ սիրելի ամառային ծովափնյա հանգստավայր է Կիպրոսը, դեպի ուր ևս ամռանը սովորաբար գործարկվում են չարտերային թռիչքներ։

Բացի այս ուղղություններից, հայաստանցիների շրջանում շարունակում են պահանջված ուղղություններ մնալ Միացյալ Արաբական Էմիրությունները, եվրոպական մի շարք երկրներ, մասնավորաբար, Իսպանիա, Իտալիա, Բուլղարիա, Մոնտենեգրո։

Ճամփորդության պատրաստվելիս սովորաբար մենք ամենաքիչը մտածում ենք ապահովագրության մասին։ Շատերը զբոսաշրջային ապահովագրություն են ձեռքբերում այն դեպքում, երբ դա պարտադիր է տվյալ երկիր այցելելու համար, հակառակ դեպքում՝ մոռանում այդ մասին։ Հաջորդիվ մենք կպատմենք, թե ինչի համար է պետք ապահովագրվել ցանկացած ճամփորդության մեկնելիս, ինչքա՞ն գումար եք խնայում, ի՞նչ եք շահում։