ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ փորձագետը ներկայացնում է անհրաժեշտ քայլերը հերթականությամբ։

Ոչ ոք ապահովագրված չէ ավտոպատահարներից, բայց դուք կարող եք ապահովագրվել դրա հետևանքներից՝ նվազեցնելով մի շարք ռիսկեր։ Տեղեկացված լինելը կօգնի ձեզ անհրաժեշտության դեպքում մի շարք խնդիրներից խուսափել կամ դրանք ավելի արագ և հեշտ լուծել։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ փորձագետները շարունակում են ներկայացնել կարևոր խորհուրդներ վարորդների համար։ Այս անգամ Զանգերի կենտրոնի ղեկավար Լիանա Հախվերդյանը պատմում է այն քայլերի մասին, որոնց պետք է հետևել ավտոպատահարի դեպքում։

Եվ այսպես, ենթադրենք, ավտոպատահար է տեղի ունեցել։ Առաջին բանը, որ պետք է անել, կողմնորոշվելն է՝ արդյոք այս դեպքում կարող ենք հարցը կարգավորել պարզեցված ընթացակարգով, թե՞ ոչ։

Ի՞նչ է նշանակում պարզեցված ընթացակարգ, ինչպե՞ս վարորդը հասկանա՝ իր դեպքում այն կարող է գործել, թե ոչ, որ դեպքերում է կիրառվում պարզեցված ընթացակարգ։

Պարզեցված ընթացակարգի համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների առկայություն․

  • Ավտոպատահարին մասնակից է երկու մեքենա
  • Չկա մարմնական վնասվածք
  • Չկա գույքային այլ վնաս
  • Կողմերից առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր
  • Կողմերից մեկն ընդունում է մեղավորությունն այդ պատահարում
  • Պատճառված վնասը չի գերազանցում 100․000 ՀՀ դրամը

Պարզեցված ընթացակարգով հարցի կարգավորումը չի նշանակում, թե այդ մասին պետք չէ տեղեկացնել ապահովագրական ընկերությանը։ Մեղավոր վարորդն անպայման պետք է զանգահարի ապահովագրական ընկերություն՝ տեղեկացնելով ավտոպատահարի մասին, բայց դա պետք է անի որոշակի քայլերից հետո․

  1. Որևէ կերպ, այդ թվում ցանկացած հեռախոսով առնվազն երեք տարբեր դիրքերից պետք է լուսանկարահանի ավտոմեքենաները․ լուսանկարները պետք է այնպես արվեն, որ դրանցից առնվազն մեկում երկու մեքենաները հետվթարային դիրքում միաժամանակ երևան։ Կարելի է նաև տեսանկարահանում կատարել,
  2. Պետք է լուսանկարահանել ավտոմեքենաների վնասվածքներն առանձին-առանձին,
  3. Լուսանկարահանումներից հետո պետք է լրացնել համաձայնեցված հայտարարագիրը և ստորագրել այն։ Հայտարարագիրը տրվում է հաճախորդին ԱՊՊԱ պայմանագրի հետ միասին, եթե այն առկա չէ վարորդի մոտ վթարի պահին, ապա կարող է ներբեռնել appa.am կայքի «Ձևաթերթեր» բաժնից։ Հայտարարագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն կարդալ դրանում նշված պայմանները,
  4. Դրանից հետո պետք է ազատել ավտոճանապարհի երթևեկելի մասը, եթե հետվթարային դիրքով ավտոմեքենաները խոչընդոտում են բնականոն երթևեկությանը։

Բոլոր այս քայլերից հետո էլ անհրաժեշտ է զանգահարել ապահովագրական ընկերություն։ Ուշադրություն․ զանգը պետք է կատարել ավտոպատահարին հաջորդող 40 րոպեների ընթացքում։

Եթե հարցը չի կարող կարգավորվել պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ բացակայում է պարզեցված ընթացակարգի համար պարտադիր պայմաններից գոնե մեկը, ապա վարորդը պետք է զանգահարի ապահովագրական ընկերություն և հետևի հրահանգներին։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մաղթում է ապահով, անվտանգ երթևեկություն։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։