Աշխարհում դժվար թե գտնվի մի մարդ, որի ճակատագիրն ու բարեկեցությունը կյանքում գոնե մեկ անգամ կախված չի եղել պատահականությունից։ Այն կարող է մի վայրկյանում ձեզ դարձնել աշխարհում ամենաերջանիկ մարդը, կամ էլ կարող է հարուստ ու ապահովված մարդուն վերածել աղքատի։ Դա է պատճառը, որ մարդկությունն իր  զարգացման ամբողջ պատմության ընթացքում մշակում էր ռիսկերն ավելի կանխատեսելի դարձնելու և դրանց թիվը նվազեցնելու տարբերակներ։

  • Ապահովագրության գաղափարի առաջին հիշատակումներից մեկը կարելի է գտնել «Հին Կտակարանում»․ Եգիպտոսի փարավոնը տարօրինակ երազ է տեսնում, Հովսեփը մեկնում է նրա երազը՝ երկրին սպառնում է երաշտ, երկարաժամկետ սով, և փարավոնին պետք է նախապատրաստվել դրան։ Փարավոնը Հովսեփին հանձնարարում է զբաղվել նախապատրաստական աշխատանքներով։ Վերջինս ստեղծեց հատուկ, այսպես ասած, ֆոնդ-պահոց՝ սովից ապահովագրվելու համար։ Տարվա բերքառատ շրջանում նա առաջարկում էր այդտեղ պաշար կուտակել, որպեսզի երաշտի շրջանում բաժանվեր բնակիչներին։
  • Մարդկության զարգացման վաղ շրջանում ապահովագրության, ռիսկերի նվազեցման գաղափարի հետաքրքիր ձևակերպումներ են տրվել տարբեր երկրներում, նման օրինակներ կարելի է գտնել Բաբելոնում (Համմուրաբի թագավորի ընդունած օրենքներում՝ մոտավորապես Ք․Ա․ 1760թ․), Հին Հունաստանում, Հռոմեական Կայսրությունում և այլուր։ Օրինակ, Հին Հունաստանում լանուվիական կոլեգիայի անդամները պետք է ամենամսյա վճարումներ կատարեին գանձարկղ․ կոլեգիայի անդամներից մեկի մահվան դեպքում գանձարկղից գումար էր տրամադրվում նրա ժառանգին՝ հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Ըստ կանոնադրության՝ նախատեսված գումարը չէր կարող օգտագործվել, օրինակ, պարտք վճարելու համար։ Բացի այդ հատուկ կետով սահմանվում էր, թե որ դեպքերում է կոլեգիայի անդամը «զրկվում» գումարից, օրինակ, ինքնասպանության պարագայում և այլն։
  • Միջնադարում բելգիական Բրյուգե քաղաքում հիմնադրվել է պատմության առաջին «Ապահովագրական պալատը»։ Այս կազմակերպությունը ստեղծվել է 1310թ․-ին արհեստավորների և վաճառականների ֆինանսական հետաքրքրությունները պաշտպանելու համար՝ թալանի և ավազակային հարձակումների դեպքերից։
  • 1369թ․-ին Վենետիկում ընդունվեց դեկրետ, որը վերաբերում էր ծովային միջազգային առևտրին։ Այդուհետև, ծովագնացը ճամփորդության մեկնելուց առաջ սովորականից ավելի բարձր տոկոսադրույքով վարկ է վերցնում, իսկ նավի խորտակման դեպքում նա պարտավորված չէր վճարում կատարել։
  • Մեծ հայտնագործությունների և միջազգային առևտրի բուռն զարգացման արդյունքում նաև ներկայում շատ տարածված ապահովագրության տեսակ առաջացավ՝ կյանքի ապահովագրություն։ Հայտնի է 16-րդ դարում կնքված մի պայմանագիր, որը Ուիլյամ Գիբսոնի կյանքի ապահովագրության համար էր։ Ով էր Գիբսոնը, տվյալներ չկան, ենթադրվում է, որ նա վաճառական էր։ Հետաքրքիր է, որ փաթեթի վաճառքից 11 ամիս անց Գիբսոնը մահանում է, և վաճառականների միությունը հրաժարվում է նրա ժառանգներին գումար վճարել։ Գործը հասնում է դատարան, որը պարտավորում է միությանը վճարել 383 ֆունտ։
  • Ապահովագրության հայրենիքը համարվում է Անգլիան․ 1699թ․-ին հայտնվել է առաջին պրոֆեսիոնալ կազմակերպությունը, որը զբաղվում էր այրիների և որբերի կյանքի ապահովագրությամբ։

Վերոբերյալ օրինակներն ապահովագրության դարավոր պատմությունից ընդամենը մի քանի դրվագներ են։ Ապահովագրական փաթեթների մշակումն ամբողջ աշխարհում հնարավորություն է տվել բազմաթիվ ռիսկերից խուսափել՝ կյանքն ավելի հեշտ ու ապահով դարձնելով։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։