Վարորդներին կտրվեն միավորներ, իսկ խախտման դեպքում` կզրկեն դրանցից. ՀՀ ոստիկանությունն օրենսդրական լայնածավալ փոփոխություններ է առաջարկում, որն արդեն ներկայացրել է ՀՀ Կառավարությանը։ Վերջինս հավանության է արժանացրել ներկայացված նախագծերի փաթեթը, ըստ որի վարորդական իրավունք ստացող վարորդին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում դրանք նվազելու են 0.5-4 միավորի չափով` պայմանավորված խախտման տեսակով ու ծանրությամբ։ Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը կվերականգնվի, և դարձյալ կտրվի 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից կզրկվի 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը կվերականգնվի միայն քննություն հանձնելուց հետո։ Վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվելու մինչև սահմանված ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։

Նոր օրենքով նախատեսվում է նաև նվազեցնել ՃԵԿ մի շարք խախտումների համար նախատեսված տուգանքները։ Օրինակ, անսթափ վիճակում վարելու համար ներկայում գործող 150 000 դրամ տուգանքի փոխարեն կսահմանվի 29 000 դրամ տուգանք, բայց միաժամանակ անսթափ վիճակում վարած վարորդից կհանվի 4 միավոր։ Մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում վարորդը 6 ամսով կզրկվի վարորդական իրավունքից։ Իսկ եթե անսթափ վարորդը հանրային տրանսպորտ կամ տաքսի է վարում, ապա նա հենց առաջին խախտման դեպքում կկորցնի վարորդական իրավունքը 6 ամսով։

ՀՀ Ոստիկանությունը կարծում է, որ օրենսդրական այս փոփոխությունները կնպաստեն, որ վարորդներն առավել զգոն լինեն, ինչի շնորհիվ կնվազի նաև ՃՏՊ-ների թիվը։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մաղթում է առանց խախտումների և ապահով երթևեկություն։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։