Ոչ մի ընկերություն չի կարող երկարաժամկետ հաջողությունների հասնել՝ չունենալով պրոֆեսիոնալ, նվիրված, պատասխանատու աշխատակիցների թիմ։ Տարեցտարի մարդկային ռեսուրսների կառավարման մշակույթն ընկերություններում առավել է կարևորվում, իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր, կազմակերպվում միջոցառումներ և այլն, որոնք միտված են զարգացնելու այս ոլորտը։ Այս տարի արդեն 4-րդ անգամ Մոսկվայում կայացավ WOW!HR խոշորագույն բիզնես մրցանակաբաշխությունը․ ամեն տարի մրցանակաբաշխության ընթացքում առանձնացվում և պարգևատրվում են ընկերությունների ներքին հաղորդակցման, մարդկային ռեսուրդների կառավարման, բիզնես գործընթացների և կորպորատիվ մշակույթի ոլորտներում լավագույն որոշումներն ու նախագծերը։ Այս տարի առաջին անգամ WOW!HR-ը կազմակերպվում է նաև Հայաստանում։

Մայիսի 20-ին առաջին անգամ Երևանում կանցկացվի WOW!HR Հայաստան և Վրաստան միջազգային բիզնես մրցանակաբաշխությունը։ DIGITAL SOLUTIONS, SAVE, LEVEL UP, WORKPLACE անվանակարգերում հայկական առաջատար ընկերությունները ներկայացնում են իրենց առաջադեմ նախագծերն ու գաղափարները։ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունը սիրով ընդունեց մրցանակաբաշխության կազմակերպիչների առաջարկը՝ դառնալով LEVEL UP անվանակարգի գործընկեր։

«Աշխատակիցները մեր հարստությունն են․ նրանք են կանգնած մեր բոլոր հաջողությունների և հաղթանակների հետևում»,- ասում է «Նաիրի Ինշուրանս»-ի ՄՌ կառավարիչ Մելինե Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունում ամեն բան արվում է, որպեսզի աշխատանքի գալը ոչ թե պարզապես պարտավորություն, այլ՝ հաճույք լինի։

«Մենք մշակում ենք այնպիսի ՄՌ ռազմավարություն, որ աշխատակիցներն   ամեն առավոտ ոչ թե խուսափեն, այլ ձգտեն գալ աշխատանքի, հաճույքով անցկացնեն իրենց աշխատանքային օրը՝ բարձրացնելով նաև աշխատանքի արդյունավետությունն ու դրանով նաև նպաստելով ընկերության զարգացմանը»,- ասում է Մելինեն և հավելում, որ յուրաքանչյուր նախաձեռնություն իրականացնելիս «Նաիրի Ինշուրանս»-ի թիմը փորձում է «մի քայլ առաջ» սկզբունքով գործել․

«Մեր աշխատակիցների Level up-ը մեր ընկերության Level up-ն է»,- վստահ ասում է ընկերության ՄՌ կառավարիչը։

Ընկերությունը պարբերաբար տարբեր ստորաբաժանումներում իրականացնում է «Level up» նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը։ Օրինակ, վերջերս գործարկվեց նոր Զանգերի կենտրոնը․ այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով, արագ և արդյունավետ արձագանքել հաճախորդի կարիքներին։ Կենտրոնում նաև հաջողվել է ձևավորել այնպիսի ներքին մշակույթ ու միջավայր, որը նպաստել է նաև աշխատակիցների առավել մոտիվացված աշխատելուն։ «Նաիրի Ինշուրանս»-ի ՄՌԿ թիմը նաև աշխատակիցների համար հետաքրքիր արտոնությունների փաթեթ է մշակել, որը պարբերաբար համալրվում է նոր գաղափարներով, վերջին նորամուծությունը «նիկոինների» համակարգն էր․

«Մեր աշխատակիցները կարող են ստանալ և կուտակել նիկոիններ իրենց տարատեսակ ակտիվության, նախաձեռնողականության, առաջարկների համար։ Այդ նիկոինները նրանք կարող են փոխանակել տարբեր մրցանակների հետ։ Օրինակ, վերջերս մեր աշխատակիցներից մեկն իր առաջարկի շնորհիվ կուտակեց նիկոիններ, իսկ առաջարկը դարձավ մեր ընկերությունում նոր պրոդուկտ»,- ասում է Մելինե Մուրադյանը։

HR մշակույթի զարգացման համար նոր գաղափարների և մոտեցումների որոնումները շարունակվում են։

«Ինչու՞ ենք մենք կանգնել LEVEL UP անվանակարգի կողքին, որովհետև մենք կարևորում ենք աշխատակիցների շարունակական զարգացումն ու կատարելագործումը, փորձում ենք դա խրախուսել բոլոր ընկերություններում։ Մենք ցանկանում ենք կիսել մեր փորձն ու, ինչու ոչ, սովորել մյուսներից»,- խոսելով մրցանակաբաշխության գործընկերը դառնալու մասին՝ ամփոփում է «Նաիրի Ինշուրանս» ընկերության ՄՌ կառավարիչ Մելինե Մուրադյանը։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։