1999 թվականի ապրիլի 23-ին գնացի բանակ․ օրը շատ լավ հիշում եմ, որովհետև հաջորդ օրը Ցեղասպանության հիշատակի օրն էր։ Ծառայության սկիզբը բավականին դժվար էր, հատկապես այն տարիներին։ Երբ ես փորձում եմ համեմատել ծառայությանս սկիզբն ու վերջը, էական տարբերություններ կան՝ անգամ կերակուրները, սպայական անձնակազմը, մարդկանց մտածելակերպը։ Այն ժամանակ, օրինակ, ավելին կպչելը «թեմա էր», յուղը մաստիկայի նման էր, բորշչը չորս մասի բաժանված կաղամբից մի բան էր, հետո կտրուկ փոխվեց ու լավացավ, կարծես անգույն հեռուստացույցը գունավոր դառնա։

Ծառայությունս Վայքում է անցել, Նախիջևանի սահմանին մոտ․ դիպուկահար էի։ Սկզբում սահմանն ու հակառակորդի կողմից հնարավոր վտանգն այնքան էլ չէինք զգում։ Մեր դիրքի դիմաց բարձր լեռ էր, գիտեինք, որ լեռան հետևում նրանք են։ Դե որ հակառակորդի մոտ լինելը չես զգում, վտանգն էլ մի տեսակ տեսանելի չէ։ Դիրք բարձրանալու մեր հերթափոխն էր։ Ամառ էր, շատ շոգ, անելիք չկար․ բոլորս պառկում, հանգիստ քնում էինք։ Մի օր էլի քնած էինք, մեքենայի ձայն ու գոռգոռոց լսեցինք․ պարզվեց, որ մոտակա գյուղի անասուններին սար են տարել, ադրբեջանցիները գողացել են, գնդի հրամանատարն էլ եկել է ստուգման, տեսնի, թե ուր տարած կլինեն, բայց մեզ բոլորիս քնած է գտել։ Շատ ջղայնացավ․ այն ժամանակ ծեծը դեռ կար, հերթով բոլորին ծեծեց․ ճիշտն ասած, ինձ հաջողվեց խուսափել ծեծից, ես ավելի ճարպիկ էի։ Հրամանատարը ծեծով չբավարարվեց, ասաց․

«Դիմացի սարը տեսնու՞մ եք, մինչև իջնեմ գյուղ, հետ գամ, ձեր դիրքն այնտեղ տեղափոխած լինեք»։

Դե հրաման էր, պիտի անեինք։ Ահավոր սար էր, մինչև բարձրացանք, հոգիներս դուրս եկավ։ Բավականին բարձր էր, այնքան, որ վերևում ձյուն էր դրած, ասում են «որդնած ձյուն»․ ձյունը, որ երկար մնում է, ոնց որ որդնած լինի։ Մի խոսքով, մի կերպ բարձրացանք, վերևում խրամատ փորեցինք, խոտ լցրեցինք։ Այս բարձրությունից վտանգն արդեն տեսանելի էր, քանի որ մեր ու հակառակորդի միջև բաժանարար լեռ չկար, երևում էին նրանց գյուղերը, ամբողջ շարժը։ Լեռան վրա մեկ ուղղությամբ դասավորված, հողի մեջ խրված երկաթե կտորներ  կային՝ վրաները մուրճ ու մանգաղը․ երևի խորհրդային տարիներին սահմանը հենց այդտեղով են անցկացրել։ Բնականաբար արդեն ավելի զգոն դարձանք։ Հերթափոխ սահմանեցինք, առավոտվա «ամենավատ» ժամի հերթապահությունն իմն էր՝ լուսաբացին, երբ չքնելը շատ դժվար է։ Մի առավոտ տեսա, որ մեր ուղղությամբ զինվոր է գալիս, միանգամից կապ տվեցի վաշտի հրամանատարին, մյուսներին չարթնացրի։ Հակառակորդի զինվորը եկավ, հասավ դիտակետին, որի հետևում ես էի։ Դե ինչպես ֆիլմերում, զենքը պահեցի վրան՝ «стой, стрелять буду»։ Դրանից հետո վաշտի հրամանատարն ինձ ասաց, որ մի բան բերեմ, ձեռքերը կապեմ։  Սարի գլխին նոր էինք մեր դիրքը դրել, դեռ բոլոր հարմարությունները չկային, չգիտեի, թե ինչով կապել։ Տեսա տապիկը (կապի միջոց), քանի որ այլ բան չկարողացա գտնել, պոկեցի տապիկի լարն ու բերեցի, դրանով կապկպեցի ձեռքեր։ Հետո կապ տվեցինք գունդ, գերուն իրենց փոխանցեցինք։

Հաջորդ օրը նորից դիրքում ենք, տեսնենք 3 հոգով են գալիս, կապ տվեցինք հրամանատարին, ասաց՝ օդ կրակեք։ Կրակեցինք, բայց ի՞նչ գնալ․․․ Սկսեցին հարձակվել, կրակել մեր ուղղությամբ։ Ես ժայռանման քարի հետևում էի, կրակոցից ժայռից մի կտոր փշրվեց, լցվեց աչքիս մեջ, միանգամից տեղս փոխեցի, որովհետև հասկացա, որ դիպուկահարի տեղը հայտնաբերել են։ Նոր դիրքից կրակեցի քարի հետևում թաքնված մեկի ուղղությամբ, կպավ քարին ու ընկավ խոտերի վրա։ Ամառ էր, խոտը չորացած էր, իսկ իմ կրակած փամփուշտ լուսածրային էր, կրակ բռնկվեց, քանի որ քամի էլ էր ու բարեբախտաբար իրենց ուղղությամբ էր փչում, կրակն արագ սկսեց տարածվել, փախան։

Այդ դեպքերից հետո զգոնությունը լրիվ փոխվել էր, արդեն հասկացել էինք, որ դիրք բարձրանալն ամառանոց գնալ չէ։  Շատ դժվար բան է, երբ առաջին անգամ իրական կռվի մեջ ես հայտնվում, երբ քեզ վրա են կրակում, ու երբ դու ես կրակում մարդու ուղղությամբ, մարդու տեսքով թիրախ չէ, մարդ է։ Դրա համար ես վստահ եմ, որ պատերազմով անցած, կռված յուրաքանչյուրը մեզանից առավել է, մենք իրեն այլ կերպ պիտի վերաբերվենք, օրինակ, եթե ես հերթում կանգնած լինեմ, ինձնից հետո պատերազմ տեսած մարդ, ես իրեն իմ հերթը պիտի զիջեմ, ես պարտավոր եմ դա անել։

Ցանկանում եմ, որ ծառայության մեկնող յուրաքանչյուր զինվոր գիտակցաբար սահմանին կանգնի, որ հասկանա՝ անգամ հետաքրքրության, «հավեսի համար» օդ կրակված փամփուշտը հետևանք ունի։

Հ․Գ Հետագայում իմ գերի վերցրած զինվորին Երասխի սահման տարան ու փոխանակեցին ադրբեջանցիների տարած անասունների հետ։ Դրանից հետո ես հերոս էի դարձել գյուղում։ Իմ գերի վերցրած ադրբեջանցու գրպաններից նոթատետրի և տարբեր մանր-մունր բաների հետ մի քանի թղթադրամ էինք հանել, տղաներից մեկը նկարիչ էր, փողի վրա ամսաթիվը գրեց։ Մեկը ինձ պահեցի․ դա էլ իմ գերուց մնացած միակ հուշը։

 


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։