ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ զանգերի կենտրոնն օրական հարյուրավոր զանգեր է գրանցում․ ստորև առանձնացրել ենք ամենից հաճախ տրվող հարցերն ու դրանց պատասխանները․

1.Քանի՞ օր կարող է տևել ԱՊՊԱ հատուցման գործընթացը:

ԱՊՊԱ հատուցման գործընթացը երկու տեսակի է լինում՝ ոստիկանության ակտով և համաձայնեցված հայտարարագրով։ Ոստիկանության ակտով գործերը տևում են նվազագույնը 10, առավելագույնը 41 աշխատանքային օր․ 41 աշխատանքային օր կարող է  տևել, եթե կողմերն օգտվում են օրենքով սահմանված բողոքարկման բոլոր հնարավորություններից։ Համաձայնեցված հայտարարագրով գործընթացը տևում է 6-17 աշխատանքային օր։ Ժամկետները հաշվարկվում են դիմումը գրելուց և գործում առկա վերջին փաստաթուղթը ներկայացնելուց հետո։ Օրինակ, եթե  հաճախորդն անհրաժեշտ փաստաթղթերից որևէ բան պակաս է ներկայացնում, մենք չենք կարող գործին ընթացք տալ։ Եթե հաճախորդն ապրիլի 1-ին դիմում է գրել, իսկ պակասող փաստաթուղթը ներկայացրել մայիսի 10-ին, ապա ժամկետները հաշվարկվում են ոչ թե ապրիլի 1-ից, այլ մայիսի 10-ից։

2․ Վթարից հետո ապահովագրական վճարը թանկանու՞մ է:

Վթարից հետո ապահովագրական վճարը մեղավոր կողմի սեփականատիրոջ համար թանկանում է, յուրաքանչյուր վթարից հետո նաև բոնուս դասն է փոխվում։ Վարորդի համար վճարը թանկանում է այն դեպքում, եթե նա մեկ այլ մեքենայով հանդիսանում է ապահովադիր։ Եթե ապահովադիր չէ, մեքենա չունի, չի փոխվում:

3․ Ինչպե՞ս կնքել նոր ԱՊՊԱ կամ ԶԱ (զբոսաշրջային ապահովագրություն) պայմանագիր:

Այս երկու պայմանագրերն էլ կարող եք կնքել առցանց, օնլայն՝ կայքի միջոցով։ Պայմանագրերը կարող եք կնքել ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գլխավոր գրասենյակում, նաև գործակալների միջոցով՝ գործակալական ցանկացած գրասենյակում և այլ վաճառքի կետերում։

4. Ինչպե՞ս դադարեցնել գործող ԱՊՊԱ պայմանագիրը․ արդյոք կարելի՞ է ԱՊՊԱ-ն փոխել նոր մեքենայի տվյալներով։

Պայմանագիրը դադարեցնել կարող է միայն սեփականատերը․ դադարեցման կարգը սահմանված է օրենքով․ կարող է դադարեցվել, եթե կա հիմք։ Օրինակ, հիմք կարող է լինել մեքենայի վաճառքը կամ այն հաշվառումից հանելը։ Երբ հաճախորդը ներկայացնում է համապատասխան հիմք, այդ դեպքում հաշվարկ է արվում, և հաճախորդին վերադարձվում է չօգտագործված օրերի համար մնացած ամբողջ  ապահովագրավճարը։ Եթե հաճախորդն ուղղակի ուզում է դադարեցնել առանց հիմքի, այս դեպքում արդեն մնացած օրերի 80 տոկոսի չափով է հետվերադարձն արվում։ Երբեմն հաճախորդները կարծում են, որ եթե մեքենան վաճառել են, կարող են ցանկացած ժամանակ դիմել գրասենյակ՝ պայմանագիրը դադարեցնելու համար, և այն կդադարեցվի վաճառքի օրով։  Նկատի ունեցեք, որ հաշվարկն իրականացվում է դիմելու օրվանից։ Մի նկատառում ևս․ ապահովագրավճարի մնացած մասը հնարավոր չէ կանխիկ ստանալ կամ փոխանցել նոր մեքենային։ ԱՊՊԱ պայմանագրի դադարեցման դեպքում հնարավոր է ապահովագրավճարի մնացած մասը ստանալ միայն բանկային փոխանցումով։

5․ Եթե վթարներ չեն եղել, զեղչ տրամադրվու՞մ է:

ԱՊՊԱ համակարգում ոչ մի ապահովագրական ընկերություն զեղչ տրամադրելու իրավունք չունի։ Սակայն ներկայում հաճախորդների համար հատուկ պայմաններ են ստեղծվել, որ հնարավորություն են տալիս յուրաքանչյուր հաճախորդի դառնալու իր անձնական գործակալը և օրենքով սահմանված գործակալի միջնորդավճարը չվճարել։ Դա հնարավոր է տերմինալների կամ օնլայն տարբերակով պայմանագիր կնքելու դեպքում․ այդ պարագայում հաճախորդը վճարում է  5 տոկոս ավելի պակաս։

6․ Ինչ անել պատահար տեղի ունենալու դեպքում:

Պատահարի դեպքում 40 րոպեի ընթացքում անպայման պետք է զանգահարել ապահովագրական ընկերություն առանց մեքենան տեղաշարժելու կամ այլ գործողություններ կատարելու, և հետևել ապահովագրական ընկերության աշխատակցի ցուցումներին։

7․ ԶԱ (զբոսաշրջային ապահովագրություն) պատահարի դեպքում ի՞նչ անել, ու՞մ դիմել:

Երբ հաճախորդները կնքում են ԶԱ պայմանագիր, նրանց ներկայացվում են ապահովագրական փաթեթի պայմանները, աջակցող ընկերության  հեռախոսահամարը։ Պատահարի դեպքում պետք է կապ հաստատել նշված հեռախոսահամարներով ու հետևել աջակցող կազմակերպության ցուցումներին։ Կարելի է նաև զանգահարել ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ՝ վայբեր հեռախոսահամարով, իսկ արտերկրում վճարումներ կատարելու դեպքում անպայման ապահովագրական ընկերություն պիտի ներկայացվեն բժշկի ցուցումները, վճարումները հաստատող փաստաթղթեր։ Հայաստան վերադառնալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում պատահարի մասին պետք է գրավոր տեղեկացնել ընկերությանը։

8․ Հնարավո՞ր է համաձայնեցված հայտարարագիր լրացնել, եթե լուսանկարելու հնարավորություն չկա, ո՞ր դեպքում կարելի է հայտարարագիր լրացնել:

Համաձայնեցված հայտարարագիր կարելի է լրացնել, եթե պատահարի մասնակից է միայն երկու տրանսպորտային միջոց, ու այդ երկու տրանսպորտային միջոցներից առնվազն մեկին պատճառվել է վնաս, այսինքն՝ չի կարող լինել երկուսից ավելի մեքենա, կամ երկու մեքենա և այլ գույք, և այլն։ Պարտադիր պետք է լինի երկու մեքենա, ու պատահարի հետևանքով չպիտի լինի պատճառված մարմնական վնասվածք։ Վարորդներից որևէ մեկը պետք է ընդունի իր մեղավորությունը, տուժող կողմին պատճառված վնասը չպետք է գերազանցի 100 հազար դրամը, ու վարորդները պետք է ներկայացնեն դիրքային լուսանկարներ։ Ինչ վերաբերում է լուսանկարին, ապա ապահովագրական ընկերությունում դիմումը գրելու համար հաճախորդը պետք է  ներկայացնի համաձայնեցված հայտարարագիրը և դեպքի վայրում կատարված լուսանկարները, հետևաբար հաճախորդը պետք է հնարավոր միջոցներ ձեռնարկի, որ կարողանա ապահովել այդ լուսանկարները, քանի որ օրենքով սահմանված է՝ լուսանկարները պարտադիր են։

9․ Որտե՞ղ է պետք դիմում ներկայացնել և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Դիմում ներկայացնելու համար պետք է մոտենալ Ավետ Ավետիսյան 116/1 հասցեում գտնվող ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ գրասենյակ։ Եթե ստանդարտ գործ է, դիմում կարող է ներկայացնել սեփականատերը կամ սեփականատիրոջ կողմից լիազորված ցանկացած անձ․ վերջինս պիտի լիազորագիր ունենա։ Անհրաժեշտ փաստաթղթերն են անձնագիրը, սոցքարտը, վարորդական իրավունքի վկայականը, մեքենայի տեխանձնագիրը, եթե համաձայնեցված հայտարարագրով է գործընթացն արվում, ապա նաև համաձայնեցված հայտարարագիրն ու պատահարի վայրում արված լուսանկարները։

Ոստիկանության ակտով գործերի դեպքում մի քանի ընթացք է հնարավոր, օրինակ, եթե վարույթով է գործը քննվում, ապա հաճախորդը պետք է ներկայացնի նաև Ոստիկանության կազմած նյութերը։ Մարմնական վնասվածքների դեպքում մասնագետները տեղում կասեն, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

10․ Դիմում ներկայացնելու համար պարտադիր սեփականատե՞րը պիտի մոտենա:

Կարող է մոտենալ սեփականատիրոջ կողմից լիազորված ցանկացած անձ․ պարտադիր է լիազորագրի առկայությունը։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։