Բեռների ապահովագրության նախապատմությունը

Բեռների ապահովագրության անհրաժեշտություն շատ վաղուց է առաջացել, քանի որ ապրանքի տեղափոխումը մի տեղից մյուսը միշտ ուղեկցվում է որոշակի ռիսկերով։ Օրինակ, միջնադարում շատ հետաքրքիր կարգ էր սահմանվել, ըստ որի՝ ֆեոդալը պարտավորվում էր փոխհատուցում վճարել այն ճանապարհորդին, որին կթալանեին իր կալվածքի սահմաններում։ Սա, ըստ էության, կարելի է ապահովագրության նախաձև համարել։ Իսկ արդեն 10-րդ դարում անգլոսաքսոնական գիլդիան հատուկ գանձարկղ էր առանձնացրել, որից փոխհատուցում էր գիլդիայի անդամներին, եթե հանկարծ գողանային նրանց կենդանիներին։ Իսկ, օրինակ,Դանիայում գիլդիաներից մեկն ապահովագրում էր անդամներին նավաբեկության կամ ծովահենների հարձակումների դեպքերից։ Իսլանդիա, Իտալիա, Պորտուգալիա, Հոլանդիա, Գերմանիա․․․ Մեկը մյուսի հետևից այս երկրներում տարբեր գիլդիաներ իրենց անդամների համար սկսեցին մշակել փոխհատուցման ընթացակարգեր, որոնք հիմնականում վերաբերում էին ծովային բեռնափոխադրումներին։

Ի՞նչ է բեռների ապահովագրությունը

Բեռնափոխադրմա՞մբ եք զբաղվում, պատրաստվում եք արտերկրից մեծ ծավալի բեռնե՞ր փոխադրել, բայց իհարկե վախենում եք, որովհետև երկար ճանապարհը ռիսկե՞ր է պարունակում։ Դրա համար, որպեսզի անհանգիստ գիշերներ չանցկացնեք, անհրաժեշտ է ընտրել ապահովագրության այս տեսակը։

Բեռների ապահովագրությունը հատուցում է տրանսպորտային փոխադրամիջոցով, այդ թվում` երկաթուղային, օդային, ցամաքային և ծովային ճանապարհներով, գույքի տեղափոխման ընթացքում վերջինիս հասցված վնասները:

Ի՞նչ ռիսկերից եք ապահովագրում ձեր բեռը

Նախ, ապահովագրական ցանկացած պայմանագիր կնքելիս ուշադիր կարդացեք պայմանագիրը՝ լիովին պատկերացում կազմելով ձեր իրավունքների, պարտավորությունների մասին և այլն, որպեսզի հետագայում թյուրըմբռնման հետևանքով խնդիրներ չառաջանան։

Որպես կանոն, ապահովագրվում է բեռի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝

  • հրդեհի կամ պայթյունի,
  • տարերային աղետների,
  • տրանսպորտային միջոցի հետ տեղի ունեցած վթարի, բախման կամ շրջման, խորտակման և այլն,
  • չնախատեսված վայրում, հատուկ պայմաններում բեռնաթափման,
  • բեռնման, տեղավորման, բեռնաթափման և փոխադրամիջոցի վառելիքով լիցքավորման հետևանքով բեռի վնասման և այլն:

Մաղթում ենք, որպեսզի ձեր բեռները միշտ ապահով տեղ հասնեն, իսկ Նաիրի Ինշուրանսը ձեր կողքին է՝ չնախատեսված դեպքերում օգնության հասնելու համար։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։