Ամուսնությունից երկու օր էլ չի անցել, բայց արդեն զղջում եք, վստահ եք, որ ճակատագրական սխալ եք արել կամ պարզապես սթափ վիճակում չեք եղել որոշում կայացնելիս․․․ Ամուսնալուծությունը հոգ չէ, եթե Գերմանիայում եք, որովհետև գարեջրի երկրում մտածվել է ապահովագրության հատուկ  «փրկարար» տեսակ, որով կարող եք ապահովագրել ինքներդ ձեզ ամուսնալուծության դեպքում, եթե այն տեղի է ունեցել ամուսնությունից հետո առաջին երկու օրերի ընթացքում։

Գերմանիայում ապահովագրության տեսակների մեծ ընտրություն կա․ այստեղ ապահովագրական ընկերություններն ինչից ասես ապահովագրություն են մտածել։ Գերմանիայում, ըստ էության, կարելի է ապահովագրել ինչ մտքներովդ անցնի…

Օրինակ, անձնագիրը կորցնելու դեպքում գործում է ապահովագրության հետաքրքիր տեսակ։ Մշակվել է նաև ապահովագրական փաթեթ ուրիշի գույքը ոչ դիտավորությամբ վնասելու դեպքերի համար, որը գործում է ոչ միայն ապահովադիր անձի, այլև նրա երեխաների, նաև կենդանիների համար. ասենք, եթե խանութում միամտաբար որևէ բան եք կոտրում կամ եթե ձեր երեխան խաղալիս քերծում է հարևանի Ֆերարին և այլն։

Գերմանիայում գործում է կյանքի ռիսկերից ապահովագրություն, օրինակ, եթե ընտանիքը կորցնում է կերակրողին, ապա այս ապահովագրության շնորհիվ երեխաները կարող են կրթություն ստանալ, իսկ ընտանիքը պահպանում է կեցության համար սովորական դարձած պայմանները, այդ թվում՝ տունը։ Հակառակ դեպքում հնարավոր է, որ ընտանիքը պարզապես դրսում հայտնվի, օրինակ, չվճարված պարտքերի պատճառով։

Եվրոպան պայքարում է ծխելու դեմ․ դա անում է անգամ ապահովագրական փաթեթներ մշակելիս։ Օրինակ, Գերմանիայում չծխողների համար բժշկական ապահովագրությունը 40 տոկոսով ավելի մատչելի է, քան ծխողների համար․ մասնագետները վստահ են, որ չծխողների համար ավելի քիչ բժշկական միջոցներ են օգտագործվում։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։