Երբևէ մտածե՞լ եք, թե քանի հայտնի մարդ է նախկինում եղել ապահովագրական գործակալ։ Ապահովագրությունը մի մեծ աշխարհ է, որը մասնագիտական աճի ու զարգացման համար բազմաթիվ հնարավորություններ է տալիս։ Կիոդերասաններ Ջորջ Քլունի, Չարլզ Լեյն, հումորիստներ Սթիվ Հարվի և Սեդրիկ Անտոնիո Քայլս, բիզնես իկոնաներ Ուորեն Բաֆեթ և Գնդապետ Սանդերս (KFC-ի հիմնադիրը), հեռուստատեսային աստղեր Շոն Թոմաս Լոու, Մարք Բրնեթ և այլք՝ նրանց բոլորի կենսագրության մի հատված առնչվում է ապահովագրական գործի հետ։

Այս մարդկանցից շատերի համար ապահովագրական գործակալ լինելն ընդամենը ժամանակավոր աշխատանք էր կարիերայի ընթացքում։ Ստորև ներկայացնում ենք  6 պատմություն հայտնի մարդկանց մասին, որոնք ոչ թե պարզապես մի քանի տարի աշխատել են, այլև հաջողությունների են հասել ռիսկերի կառավարման և ապահովագրության ոլորտներում։

Բենջամին Ֆրանկլին 

Բենջամին Ֆրանկլին
Բենջամին Ֆրանկլին

Ամերիկացի քաղաքական գործիչ, գիտնական, գյուտարար (այս շարքը դեռ երկար կարելի է շարունակել) Բենջամին Ֆրանկլինը եղել է ապահովագրական գործակալ։ Նա վստահ էր, որ ապահովագրությունը հասարակության համար նվեր է։ 1752 թվականին ստեղծել է «Ֆիլադելֆիա Աջակցության կենտրոնը» (Philadelphia Contributionship), որն ապահովագրում էր տները հրդեհի դեպքում։ Սկզբում ընկերությունը վաճառում էր 7 տարվա գործողության ժամկետով հատուկ պայմանագրեր։ Եթե այդ տարիների ընթացքում հաճախորդի տունը չէր վառվում, ընկերությունը վերադարձնում էր վճարած ամբողջ գումարը։ Այդ ժամանակներից ի վեր ապահովագրության պայմաններն այլ են, բայց այս ընկերությունը որոշակի փոփոխություններով շարունակում է աշխատել մինչև օրս։

Չարլզ Այվզ 

Չարլզ Այվզ
Չարլզ Այվզ

Չարլզ Այվզը կոմպոզիտոր է, համարվում է ամերիկյան կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը։ Թեպետ նա մեծ ավանդ ունի երաժշտության բնագավառում, սակայն ինքն իրեն չի համարել պրոֆեսիոնալ երաժիշտ, քանի որ ստեղծագործել է ապահովագրական գործին զուգահեռ՝ հանգստյան օրերին։ Ապահովագրական ոլորտում Չարլզ Այվզը եղել է բավականին հաջողակ ու ազդեցիկ։ Սկզբում նա ընկերություններից մեկում աշխատել է որպես ապահովագրական գործակալ, իսկ մի քանի տարի անց ընկերոջ հետ հիմնել է սեփական գործակալությունն ու երկար տարիներ ղեկավարել այն։ Հեղինակել է նոր և կրեատիվ տարբերակներ կյանքի ապահովագրության փաթեթների համար, ինչպես նաև կատարել բազմաթիվ նորարարություններ գույքի ապահովագրության ոլորտում։

Ուոլես Սթիվենս

Ուոլես Սթիվենս
Ուոլես Սթիվենս

Պուլիցերյան հեղինակավոր մրցանակի արժանացած Ուոլես Սթիվենսին շատերը համարում են 20-րդ դարի ամենահանճարեղ ամերիկացի պոետը, բայց նա նույնպես կյանքի մեծ մասն աշխատել է ապահովագրական ոլորտում։ Ասում են, որ նա իր ստեղծագործությունները գրել է «Հարթվորդ Պատահար  և ապահովագրություն» ընկերություն աշխատանքի գնալիս (ընկերությունն այսօր պարզապես կոչվում է Հարթվորդ)։ Մի քանի գրողներ նրա ստեղծագործություններում տեսնում են ապահովագրական գործի ազդեցությունը։

Ֆրանց Կաֆկա 

Ֆրանց Կաֆկա
Ֆրանց Կաֆկա

Աշխարհահռչակ գրող Ֆրանց Կաֆկան նույնպես եղել է ապահովագրական գործակալ։ Նա իր ստեղծագործությունները գրել է Պրահայի Worker’s Accident ապահովագրական ինստիտուտում աշխատանքային օրվա ավարտից հետո։ Ասում են, որ բյուրոկրատական աշխատանքը մեծապես ազդել է նրա աբսուրդ գրվածքների վրա։ Նամակներում Կաֆկան խոստովանել է, որ ապահովագրական աշխատանքն իրեն դուր է եկել։ Նրա գրասենյակային աշխատանքի մասին հետագայում տպագրվել է «Ֆրանց Կաֆկա. գրասենյակային գրվածքներ» աշխատությունը, որը ներառում է Կաֆկայի էսսեները, նամակները և հոդվածները․ դրանց ուսումնասիրությունից  պարզ է դառնում, որ Կաֆկան լուրջ էր վերաբերվում իր աշխատանքին, հավատում դրան և իր գործը լավ էր անում։

Ջեյմս Դոնովան 

Ջեյմս Դոնովան
Ջեյմս Դոնովան

Ջեյմս Դոնովանն ավելի հայտնի դարձավ, երբ Սթիվեն Սփիլբերգի «Լրտեսների կամուրջը» (Bridge of Spies) ֆիլմում նրան մարմնավորեց դերասան Թոմ Հենքսը։ Ֆիլմը պատմում է 1957 թվականի մի իրադարձության մասին․ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալում է նկարիչ Ռուդոլֆ Աբելին ԽՍՀՄ համար լրտեսությամբ զբաղվելու կասկածանքով։ Որոշվում է գործի արդար քննություն իրականացնել, և Աբելին տրամադրվում է փաստաբան՝ Ջեյմս Դոնովանին․ վերջինս մասնագիտացած էր ապահովագրական գործում։ Դոնովանի ջանքերի շնորհիվ Աբելին փոխանակում են ամերիկացի լրտեսի հետ։ Թե ինչու ֆիլմում Սփիլբերգն ավելի մեծ ուշադրություն չի դարձրել Դոնովանի ապահովագրական գործունեությանը, նրա ռեժիսորական որոշումն է․ հայտնի է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Դոնովանը կյանքի ապահովագրության հատուկ փաթեթ էր մշակել գաղտնի հետազոտություններով զբաղվող գիտնականների համար։

Թոմ Քլենսի 

Թոմ Քլենսի
Թոմ Քլենսի

Թոմ Քլենսին ամերիկացի հայտնի գրող է, որը հրատարակել է 17 բեսթսելեր։ Քլենսին նույնպես այն հեղինակներից է, ում ապահովագրական աշխատանքն ազդել է գրական գործունեության վրա։ Մերիլենդում նա ղեկավարել է իր իսկ հիմնած ապահովագրական գործակալությունը, և այստեղ էլ գրել է <<Կարմիր Հոկտեմբերի որս>> գիրքը, որի հիման վրա ավելի ուշ ֆիլմ է նկարահանվել։ Գրքի ստեղծման համար Քլենսին հարցազրույցներ է անցկացրել իր ապահովագրական ընկերության հաճախորդների հետ, որոնք նախկինում եղել են ատոմակայանում սուզանավի սպաներ։ Ապահովագրական աշխատանքը նրան ավելի սրատես է դարձրել մանրուքների հանդեպ։ 1988 թվականին Նյու Նորք Թայմսի հետ զրույցում ասել է. «Ես բարոյական պատասխանատվություն եմ զգում իմ ընթերցողների առջև, որ ամեն բան ճիշտ արվի։ Ապահովագրական բիզնեսում դու պետք է ուշադրություն դարձնես մանրամասներին, այլապես հաճախորդը կկորցնի ամեն ինչ»։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։