5 ԽՈՐՀՈՒՐԴ  ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻՑ

Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ բախվում են ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ-ին։ Ավելի հաճախ վարորդները «փաստի առաջ են կանգնում» այն պատճառով, որ պարզապես իրազեկված չեն, չգիտեն այն հիմքերը, որոնց դեպքում ապահովագրական ընկերությունները կարող են հետադարձ պահանջ կիրառել։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ փորձագետները որոշել են «ապահովագրել» Ձեզ ՍՈԲՐՈԳԱՑԻԱՅԻՑ՝ իրազեկելով Ձեր իրավունքների և պարտավորությունների մասին։

Ինչ է հետադարձ պահանջը (սուբրոգացիա)

Առաջին հերթին եկեք հասկանանք, թե ինչ է ՀԵՏԱԴԱՐՁ ՊԱՀԱՆՋԸ․ տուժող կողմին ապահովագրական ընկերությունը վճարում է վթարի հետևանքով պատճառված վնասը, և արդեն մեղավոր կողմի ապահովագրական ընկերությունն իրավունք է ձեռքբերում իր հաճախորդի նկատմամբ այդ վճարված գումարը հետ գանձելու։ Այսինքն, եթե ավտոտրանսպորտային պատահարի մասնակից եք դարձել, և կարծում եք, որ խնդիր չեք ունենա, որովհետև ԱՊՊԱ պայմանագրով պատճառված վնասը կփոխհատուցվի, ապա պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ, որովհետև վճարված գումարը կարող է հետ գանձվել, այսինքն՝ հետադարձ պահանջ (սուբրոգացիա) կիրառվի, եթե չեն պահպանվել մի շարք ԱՆՀՐԱԺԵՇՏ և ՊԱՐՏԱԴԻՐ կանոններ։

Ստորև Զանգերի սպասարկման բաժնի պետ Լիանա Հախվերդյանը ներկայացնում է հետադարձ պահանջի կիրառման 5 հիմք, որոնք ամենից հաճախ են հանդիպում։

Ինչպես խուսափել հետադարձ պահանջից

1 Մեղավոր ես, թե անմեղ՝ ՄԻՇՏ տեղեկացրու ապահովագրական ընկերությանը

Հետադարձ պահանջի կիրառման ամենատարածված դեպքը սահմանված ժամկետներում ապահովագրական ընկերությանն ավտոպատահարի մասին չհայտնելն է․ անկախ նրանից պատահարը մեծ է, թե փոքր, պատահարի հետևանքով վնասի չափը 100 հազարը դրամը գերազանցելու է, թե չի գերազանցելու, հաճախորդը պատահարի մեղավոր, թե տուժող կողմն է, պարտադիր պետք է վթարից հետո առավելագույնը 40 րոպեում զանգահարի ապահովագրական ընկերություն: Լինում են դեպքեր, երբ ՃՈ-ն արձանագրում է պատահարը՝ մի կողմին նշելով մեղավոր, մյուսին՝ անմեղ, և անմեղ նշված անձը կարծում է՝ կարող է չզանգահարել իր ապահովագրականին: Հետագայում կարող է նշանակվել փորձաքննություն, ու անմեղ կողմը ճանաչվում է մեղավոր կամ մասնակի մեղավոր, և կրկին ստացվում է, որ հաճախորդը չի կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը, այն է՝ չի զանգահարել իր ապահովագրական ընկերություն և չի տեղեկացրել պատահարի մասին: ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում անհրաժեշտ է կատարել ԱՊՊԱ պայմանագրի պահանջն ու զանգահարել, տեղեկացնել և հետևել ապահովագրական ընկերության աշխատակցի ցուցումներին։

2Ոչ սթափ վիճակում ՄԻ ՆՍՏԻՐ մեքենայի ղեկին

Պարզապես մի արեք դա, ոչ սթափ վիճակում երբեք մի վարեք մեքենա, որովհետև դա ոչ թե միայն ապահովագրության հարց է, այլև կյանքի։ Ինչ վերաբերում է այս դեպքում սուբրոգացիայի կիրառմանը, ապա եթե պատահարում մեղավոր վարորդը մեքենան վարել է ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ, ապահովագրական ընկերությունը վճարում է տուժող կողմին պատճառված վնասը և իրավունք ունի մեղավոր վարորդից դատական կամ արտադատական կարգով հետ գանձել տուժողին վճարած գումարը։ ՉԻ ԿԱՐԵԼԻ ալկոհոլի կամ հոգեմետ դեղերի ազդեցությամբ վարել մեքենա․և ոչ միայն հետադարձ պահանջից խուսափելու, այլև ձեր և երթևեկության մյուս մասնակիցների անվտանգության համար։

3 ՄԻ ՀԵՌԱՑԻՐ պատահարի վայրից

Եթե ավտովթար է եղել, և Ձեզ անհրաժեշտ է հեռանալ դեպքի վայրից, ապա ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ՝ մինչ այդ կապ հաստատեք ապահովագրական ընկերության հետ, աշխատակցին տեղեկացրեք Ձեր պատճառների մասին։ Ընկերների, հարազատների, ծանոթ-բարեկամների խորհուրդներով մի առաջնորդվեք, որովհետև առանց ապահովագրական ընկերության համաձայնությունը ստանալու դեպքի վայրը լքելու դեպքում ընկերությունն իրավունք ունի կիրառելու հետադարձ պահանջ։ Լինում են դեպքեր, երբ  վարորդներն ինչ-որ պատճառաբանությամբ հեռանում են դեպքի վայրից՝ ասելով, որ ունեին դրա համար հիմնավոր պատճառ․ օրենքով հստակ սահմանված է, թե որ դեպքերն են համարվում ՀԻՄՆԱՎՈՐ ՊԱՏՃԱՌ՝ օրինակ, երբ պատահարի հետևանքով անձը վնասվածք է ստացել և պիտի դիմի բուժկենտրոն և այլն։

4 ՄԻ ՆՍՏԻՐ ղեկին, եթե չունես ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Եթե ցանկանում եք ավտոմեքենա վարել, ապա ստացեք վարորդական իրավունք։ Խնդրում ենք՝ եթե չունեք վարելու իրավունք, մի վարեք մեքենա, եթե անգամ վստահ եք, որ վարորդական իրավունք ունեցող ցանկացածից ավելի լավ և հմուտ եք վարելու։ Եթե պատահարի մասնակից վարորդը չունի վարելու իրավունք, ապա ապահովագրական ընկերությունն իրավունք ունի կիրառելու հետադարձ պահանջ։ Նկատի ունեցեք, որ խոսքը ոչ թե այն մասին է, որ պատահարի պահին վարորդական իրավունքը վարորդի մոտ չէ, այլ այն մասին, որ տվյալ անձը պարզապես չունի վարելու իրավունք։

5 ՃԻՇՏ նշիր ավտոմեքենայի օգտագործման ՆՊԱՏԱԿԸ

Եթե մեքենան պատրաստվում եք շահագործել որպես տաքսի, ապա ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ՝ ապահովագրության պայմանագիրը կնքելիս ազնվորեն տեղեկացրեք այդ մասին։  Պայմանավորված ավտոմեքենայի օգտագործման նպատակով՝ ԱՊՊԱ պայմանագրի արժեքը (ապահովագրական վճարը) տարբեր է լինում։ Լինում են դեպքեր երբ մեքենան շահագործվում է որպես տաքսի կամ առևտրային նպատակներով, սակայն ԱՊՊԱ պայմանագրում օգտագործման նպատակը նշված է, օրինակ, անձնական։ Այս դեպքում ևս ապահովագրական ընկերությունը կատարում է վնասի հատուցում և իրականացնում է հետադարձ պահանջի իրավունքը։

Եթե ցանկանում եք մանրամասնորեն ծանոթանալ հետադարձ պահանջի կիրառման բոլոր հիմքերին, ապա կարդացեք «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքը։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մաղթում է անվտանգ և ապահով երթևեկություն։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։